Рубрика: Առցանց ուսուցում, Գրականություն

Առցանց ուսուցում։ Գրականություն ապրիլի 13-23

Նախագծեր

Ընթերցողական
Վիլյամ Սարոյան
Խուլիո Կորտասար
Մարիո Բենեդետի

Պատումներ
Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
Եթե շարունակեի իմ սիրելի գիրքը
Որ գրքում կուզենայի ապրել

Թարգմանական
Մի իրի պատմություն` երկարաժամկետ նախագիծ

Ընտանեկան
Խոհանոցում են սեբաստացիները:

Рубрика: Գրականություն

Չարենց — Ռուբայաթներ ( 1926 )

Ռուբայի (հոգնակի թվով՝ «ռուբայաթ» — քառյակ), պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։ Ռուբայաթի կամ քառյակի ժանրում ստեղծագործել են Օմար Խայամը, Հաֆեզը, Ռուդաքին, Նիզամին, Ռումին, Սաադին[1], իսկ հայ հեղինակներից՝ Հովհաննես Թումանյանը, Եղիշե Չարենցը, Հովհաննես Շիրազը և ուրիշներ։

I

Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես.
Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը,
Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։

II

Քո ամեն ակնթարթը մի սերմ է,
Որ կրում է իր մեջ իր մահը.
Բայց հոգին քո— խնդուն ու անահ է
Եվ մի՛շտ խանդավառ է ու ջերմ է։

III

Նա թե՛ կյանք է, թե՛ մահ.— ակնթարթը.
Անհատնում հատնում է, վառք է.—
Եվ այսպես՝ մշտատև է աշխարքը.
Անդադար թարթում է— ու անթարթ է։

ռուբայի — գրկն. քառյակ:

IV

Նա հոսում է, ալիք առ ալիք,
Եվ ամեն վայրկյան— այն չէ՛,
Եվ ամեն մի վայրկյանը— հնչեղ
Ներկա է, անցյալ— ու գալիք։

V

Ես քեզ ո՞նց, քեզ ո՞նց հասկանամ,
Ես քեզ ո՞նց ամփոփեմ ուղեղում իմ,
Երբ չեկած՝ դու արդե՛ն իսկ չկաս,
Բայց հար դու լինում ես— ու տևում ես:

VI

Անցնում է, հոսում է, վարար է,
Ելնում է, սուզվում անդադար,
Մշտապես մեռնում է— ու հար է.
Մշտապես ու հար — անկատար։

VII

Օ, խմի՛ր, խմի՛ր դու ագահ.
Օ, խմի՛ր անդադար այս հատնումը.
Կորածը— իրեն նա գտնում է,
Եվ իր այդ գտնումով — չկա։

VIII

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,
Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:
Իսկ քո փառքը, հիմար, երազում է—
Հավերժական կոթող։

IX

Էյ, դո՛ւ, իմաստո՛ւն վարպետ,
Որ տաշում ես, տաշում այդ քարերը.

Քո ամե՛ն մի, ամե՛ն մի զարկին
Իր նիշը արդեն նա դրել է։

X

Նա կրկին ասում է.— «Գարունը
Ծաղկելու է էգուց վարդերով իր»։
Սակայն ո՞ր արևն է հուրհուրում այդ
Եվ ո՞վ է այդ նո՜ր արտևորը…

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XIV

Անտառը թափում է իր սաղարթը,
Անտառում հատնում է ու վատնում,
Բայց նայի՛ր— ինչքա՜ն նա զվարթ է,
Ինչքան նո՜ր է— ու մի՛շտ անհատնում։

XV

Դու ոսկի գրիչ ունես, դու այնպես իմաստո՛ւն ես,
Ինքդ քեզ հրաժեշտ ես ասում, ինքդ քեզ կրկի՛ն ընդունում ես,
Գիտես, որ՝ լինելով է լինում, հատնելով է անհատնում այս տունը—
Եվ մի՛շտ ծիծաղկուն է հոգիդ ու սիրտդ՝ մշտապես խնդո՛ւն է։

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

XVII

Նա գնաց ու կրկին եկավ— երեկվա իմ սիրած սիրեկանը,
Բայց տեսա, որ արդեն չկա— երեկվա իմ սիրած սիրեկանը։
Կանգնած է մի երրո՛րդը դեմս.— այդ նա չէ՛ այլևս, նա չէ՛.—
Եկած է— ու կարծես չեկած— երեկվա իմ սիրած սիրեկանը։

XVIII

Երկնքից թռչում է մի թռչուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս,
Ինքն իրեն ժխտող մի հնչյուն.— քո ներկա՞ն է այն, բարեկա՛մս.
Նա գնաց— ու կրկին դարձավ.— այդ նա՞ է արդյոք, թե ուրի՞շը…
Դու նրան էլ չե՛ս ճանաչում… քո ներկա՛ն է այն, բարեկամս:

XIX

— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.
Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

XX

Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է.
Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է.
Խմելո՛ւ ես, մահով իմ սերած, խմելու ես դու է՛լ այս գինին,
Եթե այս պարտեզը գաս դու.— նրանից իմ հոգին հարբում է։

XXI

Դու քսում ես հոնքերիդ սուրմա1 — դու անհոգ ես.
Ինչո՞ւ է տրտնջում զուր նա— դու անհոգ ես.
Ես գիտեմ թե՛ տրտունջը նրա, թե՛ քո այդ պայծառ խնդությունը
Տո՛ւր դու ինձ մանկություն, տուր մա՛հ,— դու անհոգ ես։

XXII

Դու ինքդ քո մեջ միասիրտ.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է.
Դու տրվում ես մեզ մի՛շտ միասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՜ս է.
Բացվում ես, լինում, գոյանում— հառնելով հենց ի՛նքդ քո դեմ՝
Պատմում ես մի՛շտ քո մասին.— ինչ որ կաս՝ նա կա ու այդպե՛ս է:

XXIII

Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը.— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է.
Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է

1 սուրմա — ծարիր:

Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը
Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը,— նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։

XXIV

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.
Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.
Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

XXV

Այդ դերվիշը — տեսե՛ք՝ նա նստած ուզում է ըմբռնի ու հասնի,
Իր մտքի թևերին վստահ ուզում է ըմբռնի ու հասնի.
Նա կարծում է, որ փոխվում է ամբողջը, և իր միտքն է միայն, որ կայուն է,—
Եվ այդպես՝ անշարժ ու հաստատ՝ նա ուզում է ըմբռնի ու հասնի…

XXVI

Դու ասիր՝ նայել, հասկանալ ու սուզվել, դառնալ անէ1.—
Նա ասաց՝ լինել, կատարել, ներծծել հուրեր ու շողեր։
Դու ասիր՝ ամփոփել ամբողջը, հաշտըվել ու խաղաղ լինել,—
Նա ասաց՝ ամբողջի՛ն տիրանալ, որպեսզի ամբողջը — փոխել։

XXVII

Դու ասիր՝ անէ՛ է ամբողջը, աչքերիդ իջած մի շղա՛րշ է.
Դու գերի՛ ես, մա՛րդ, ուղեղիդ, ուղեղիդ անէ վանդակին։—

—————————-

1 անէ — գոյություն չունեցող (էակ), անգո:

Նա անդուլ պնդում համարեց թե ուղեղը այդ, թե շղարշը—
Եվ ելավ, որ փոխի այդ շղարշը — և մահին խնդաց խնդագին։

XXVIII

Նա կուզեր, որ լինի անէ,
Որ թվա լոկ, լոկ լինի հարց,
Բայց կանգնած է նա, ահա տե՛ս—
Մշտածուփ, մշտափոխ ու կարծր։

XXIX

Թե արևը այրում ու կիզում է — նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Ամեն ինչ անհաստատ ու հոսուն է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը.
Օ, գիտե՛ս դու աշխարհի լեզուն և գիտես, որ կամքդ՝ այդ լեզուն է,—
Իսկ հիմարը դեռ ափսոսում է. նա ասում է՝ ո՞ւր է իմ կամքը։

XXX

Ասում են՝ վիթխարի հերոս, հանճարեղ է եղել Իսքյանդարը
Շարժել է, խառնել է իրար ազգեր ու ցեղեր Իսքյանդարը.
Բայց գիտե՛ս դու շարժումն ու ընթացքը և գիտես՝ չլիներ թե ընթացքը—
Աշխարհում և մի շյուղ անգամ դժվա՛ր թե շեղեր Իսքյանդարը:

XXXI

Հետևա՛նք ես դու, իմաստո՛ւն,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Բայց դո՛ւ էլ ես, դո՛ւ էլ ես ազդում,— այս մեկը դու լա՛վ իմացիր
Դու ուզում ես, որ ազա՞տ լինես.— ուրեմն հասկացի՛ր ճանապարհ
Եվ փոխի՛ր, որ հաստատ գաս տուն,— այս մեկը դու լա՛վ իմացիր։

XXXII

Մի հարուստ է անցնում փողոցով,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՜ն ինքնագոհ է.
Մի ժպիտ կա դեմքին խոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է.
Նա կարո՞ղ է հասկանալ, այդ հիմարը, որ շուրջը ուռճանում է իր մահը
Եվ տեսնել այդ ձեռքը սղոցող,— ախ, նայե՛ք՝ նա ինչքա՛ն ինքնագոհ է։

XXXIII

Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը.
Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։—
Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը—
Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինած մի զնդա՛ն է անձև այս տունը։

XXXIV

Մի հարուստ դերվիշ էր եկել, նա ասում էր, թե ցնո՛րք է կյանքը.
Անիմաստ, անգո մի տեսիլ, երկնային մի շնո՛րհք է կյանքը.
Դու շարժե՞լ ես արդյոք բազուկներդ, վաստակե՞լ ես արդյոք ու հոգնել,—
Ուրեմն գիտե՛ս դու անշուշտ, թե ինչո՞վ է, որ նորք է կյանքը։

XXXV

Դու փոխում ես նյութը, բնությունը, դու գիտես, որ ամե՛ն ինչ փոխվում է.—
Կհնձե՛ս դու մի օր կյանքի բերքը— դու կյանքում միայն աշխատել ես։

XXXVI

Ապրեցիր դու ըմբոստ մի դարում — և ոչինչ քեզ հար չթվաց,
Դու տեսար մոտիկն ու հեռուն — և ոչինչ քեզ հար չթվաց.
Դու տեսար փլուզումն ու զարթնումը, անսասան հիմերի կործանումը—
Եվ, բացի պայքարից, աշխարհում քեզ ոչինչ հար չթվաց։

XXXVII

Դեռ երեկ քո միտքը խավար էր,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար վիթխարի այս արարը,— իմաստուն ես արդեն հիմա դու.
Դու տեսար պատմության խոզանոցը, մխացիր ճենճերում դու նրա—
Եվ գիտես, թե ո՛վ է խոհարարը… Իմաստուն ես արդեն հիմա դու:

XXXVIII

Քեզ տրված է կյանքը, որ լինես՛— ու ոչինչ երազ չթվա,
Որ կյանքում քո կյանքը շինես— ու ոչինչ երազ չթվա.
Քեզ գերում է ընթացքը այս տաք, բայց տեսնո՞ւմ ես դու այն, որ գալիս է,
Գալիս է իր գալիքը հինե — ու ոչինչ երազ չթվա։

XXXIX

Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.

Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։

XL

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,
Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,
Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —
Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

XLI

Ծովափին նստած է մի մարդ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նայում է ծովին նա հանդարտ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն.
Նա զվարթ ժպտում է ծովին, նա սիրում է հոսուն այդ անհունը—
Բայց ահա հեռանում է անդարձ.— այդ դո՞ւ ես գուցե, իմաստո՛ւն։

XLII

Նա ուզում է գտնել մի կշիռ — ու չափել նրանով ամբողջը,
Ունենալ անխախտ մի հաշիվ — ու չափել նրանով ամբողջը.
Նա սիրում է «հավերժը» միայն, ախ, նայե՛ք՝ նա փնտրում է «կայունը» —
Եվ գտնում է մի… գինու շիշ — ու չափում նրանով ամբողջը։

XLIII

Նա կուզեր, որ ողջը նրան միանգամ ընդմիշտ տրվի,
Որ կյանքի իմաստը հուրհուրան միանգամ ընդմիշտ տրվի.
Դու գիտես, որ ընթա՛ցք է աշխարհը, գոյանում է ու լինում անվերջ—
Եվ գուցե քեզ մահը միայն միանգամ ընդմիշտ տրվի։

XLIV

Ծնվում է, աճում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում.
Մեռնում է, կորչում է մի բան յուրաքանչյուր վայրկյան կյանքում,
Բայց ծնվողը — ծնվում է պայքարով, պայքարո՛վ է մեռնում և մեռնողը,—
Եվ այսպես — կոփվում է ապագան յուրաքանչյուր վայրկյան կյանքում։

Рубрика: Գրականություն

Չարենց — ութնյակներ

* * *

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա1.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.

* * *

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

* * *

Տեսնում եմ՝ արևի վրա
Վրնջում են ձիեր ոսկենալ,
Մերկացել են աղջիկները խելառ,
Ու ծծում են շրթերը նրա։

———————————

1 ծնծղա — հարվածային երաժշտական գործիք, փխբ. գովասանք, փառաբանություն:

[ էջ 58 ]

Բորբոքվել են շրթերը շոգ,
Համբուրում, բուրում են կեզ,
Վախենում են — մնան անշող.—
— Ախ, այնպե՛ս ուզում եմ — քեզ։

* * *

Բորբ մի աղջիկ զարկեց ձեռքով իր բոց կոնքին
Ու վերևից խնդաց զվարթ ու ոսկեձայն.—
Հազար վարդեր կրակվեցին շուրջը, կողքին,
Հազար խաշխաշ1, ու գարնան օր, ու ծիածան։
Քաղցր ծփաց հեշտանք ու տապ, թույն ու գրգիռ
Դաշտերը խաս ծաղիկներով ծփծփացին.—
Աշխարհը — ալ, նարնջագույն, վառքը — կարմիր,
Ողջը — հրա՜շք ու խնդությո՜ւն արեգնածին…

—————————————-

1 խաշխաշ — կակաչ. փխբ. կակաչի նման կարմիր, կարմրագեղ:

Рубрика: Գրականություն

Չարենց. — Ծիածան Ժողովածու

Լուսամփոփի՛ պես աղջիկ` աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՛ պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, որ չմեռնի իմ հոգին,
Որ չմարի իմ հոգին քո ակաթե աչքերում.
Ես ի՞նչ անեմ, որ մնա ծիածանը երեքգույն,
Որ չցնդի, չմարի՛ իմ հողու հեռուն…

Լուսամփոփի՛ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով,
Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի պես երազի,
Կապո՜ւյտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով,
Լուսամփոփի՛ պես աղջիկ…

2

Երեք գույն կա երազային քո երկրում —
Երեք գույն:
Թափանցիկ են այն գույները քո երկրում —
Քո հոգում:

Դու ժպտում ես. քո լուսավոր աչքերում —
Երեք փայլ.—
Ու բացվում է, կապո՜ւյտ աղջիկ, քո հեռուն
Լուսավառ:

Եվ տեսնում եմ դղյակներդ երկնահուպ,
Գմբեթներդ սեգ:
Եվ հիշում եմ ոսկեծաղիկ մի ասուպ,
Որ ընկավ երեկ:

Ու լսում եմ, որ իրիկվա մշուշում,
Անձրևից հետո,
Իրիկնային զանգակներն են կարկաչում
Ու կանչում են, գոհ:

Եվ տեսնում եմ, որ դաշտերիդ, լճերիդ,
Լո՛ւյս երկրիդ վրա —
Ահա իջել է անապակ ու վճիտ
Մի կապույտ հիմա:

Ու տեսնում եմ իրիկնային կապույտում
Բռնկված կրկին —
Գմբեթներիդ երկնասլաց ու ժպտուն
Խաչերի ոսկին…

Եվ երազի պես պարուրվում է հանկարծ
Երկիրդ իմ հոգում,
Ջինջ երկիրդ` աչքերիդ մեջ — միգամած
Իրիկուն…

3

Երեք ճաճանչ, երեք երանգ, երեք գույն,
Որ անցան —
Քո՜ւյր, կապել են քո աչքերում, իմ հոգում —
Ծիածան:

ԿԱՊՈւՅՏԸ

1

Կապույտը հոգու աղոթանքն է, քույր,
Կապույտը — թախիծ.
Կապույտը — կարոտ թափանցիկ, մաքուր,
Ու հստակ, ու ջինջ:
Կապույտը քրոջ աչքերի անհուն
Առավոտն է թաց:
Կապույտում հոգիս մի հին իրիկուն .
Անզո՛ր հեծկլտաց:

Կապույտը ծեգին աղոթքի կանչող
Ղողանջն է զանգի:
Կապույտը — արցունք, ու կապույտը — ցող
Հոգու, երկնքի:

Կապույտում անսուտ խոսքեր են հոսում
Երկնքից — երկինք:
Հոգիս — Կապույտի լաբիրինթոսում
Սրբացած կնիք:

Այն, որ չի եղել, որ պե՜տք է լինի
Մանկական սրտում —
Հոսում է, որպես լուսավոր գինի —
Հոգու կապույտում:

2

Արևից առաջ և ոսկուց առաջ —
Տրտո՛ւմ է այնքան.
Խմում է հոգին բաժակը երազ
Այդ կո՜ւյս տրտմության:

Արևից առաջ, երբ կապույտը` հեզ,
Սփրթնա՛ծ, գունա՛տ —
Հիվանդ աղջկա երազ է կարծես՝
Աղոտ, լուսակաթ:

Երբ աստղը՝ մի պահ դառնալով անտես
Վառվում է հանկարծ:
Երբ տիեզերքը աղոթք է կարծես՝
Հոգու մեջ հանգած:
Երբ դեռ ո՜չ մի ձայն չի՜ ընկնում հոգու
Բաժակի մեջ լուռ: —
Երբ որպես ուրու դեռ քնած ես դու
Կապույտում մաքուր:

3

Առավոտ կանուխ, երբ արև չկա,
Լուռ զգում եմ ես, —
Որ լուսե հոգին քնած աղջկա
Մոտի՛կ է այնպես:

Ու լսում եմ ես, լսում եմ միայն,
Երազուն-տրտում:
Ժպտում է հոգիս անդորր տրտմության
Գունատ կապույտում:

Զգում է հոգիս շրթերի վրա`
Անմարմին, դողդոջ —
Կապույտ, երկնագույն համբույրը նրա —
Լուսավո՛ր քրոջ:

4

Քո՜ւյր, արցունքները — մաքուր
Ղողանջներ են, որ
Հղանում են երկնագույն
Զանգ — աչքերդ խոր:

Ղողանջնե՛ր են — լուսավոր, —
Կո՛ւյս թռիչք ու թև՛ .
Ղողանջնե՜ր են — թևավո՛ր
Ու թեթև՛, թեթև՛…

5

Երբ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած, —
Քո՜ւյր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո —
Կապույտում մնաց: —

Պատուհանից դղյակի ես տեսնում էի
Երկինքները բիլ:
Շրթերիս մեջ, հոգուս մեջ մի խոսք ունեի.
— Քո՜ւյր, քնի՜ր, քնի՜ր…

Միայն զգում էի ես` լուռ, տրտում այնպես`
Որ ամեն ինչում —
Քո լուսավոր էության հարազատ ու հեզ
Կապույտն է շնչում:

Եվ չկայիր կարծես դու` դղյակում հոգու
Անշշուկ քնած:
— Քու՜յր, իմ հոգին, աստղային, որպես նինջը քո—
Կապույտու՜մ մնաց:

ՈՍԿԻՆ

1

Կապույտի՛ մեջ, կապույտի՛ մեջ — արևի ոսկին:
— Քնի՜ր, քնի՜ր, կապույտ աղջիկ, չզարթնես ծեգին:

Կարապները լճերի մեջ, ջրերի վրա
Դեռ քնել են, դեռ նիրհում են. կարթնանան հիմա:

Ու զանգերը ղողանջում են՝ կարկաչուն, հնչուն, —
Փախցնում են աստղերի չուն ու կանչու՜մ, կանչում:

Խա՜չը վանքի, ե՜րգը զանգի — կապույտում վերջին.
— Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, ու նայի՜ր խաչին..

Նա ոսկի՜ է, երկի՜նք նետած մի կտոր ոսկի.
Նա — մի երազ, ոսկի՜ միրաժ արթնացած խոսքի:

Ու արևի թևը ահա լճերի նիրհում
Հրդեհում է աստղանկար տրտմության հեռուն…

Ու մարում են, ու մեռնում են այն աստղերը, տե՜ս:
Արթնացել են կարապները ու կանչո՜ւմ են մեզ:

Քո՜ւյր, վայրկյանը սրբազա՜ն է — բռնկում ու մահ,
Կարապները, որ կանչում են, կմեռնեն հիմա:

Ու կմարի խաչը վանքի կապույտում վերջին.
— Զարթի՜ր, զարթի՜ր, կապո՜ւյտ աղջիկ, — ու նայի՜ր խաչին…

2

Արևի ոսկին ինչո՞ւ է փակում
Մեր աչքերը թաց —
Երբ` կապույտ երազն արթնացած հոգում՝
Նայում ենք հանկարծ:

Երբ բաց ենք անում աչքերս` կապույտ,
Աստղային նիրհից, —
Որ տեսնենք ոսկու ծիծաղը` անփույթ
Հղացած հրից:

Ինչո՞ւ է խոցում, ասեղի նման,
Ոսկին արևի —
Մենավոր ժամին վերջի՜ն տրտմության`
Վերջի՜ն բարևի…

3

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա — բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին…

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին…

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա —
Բռնկվել է ժպիտ-ոսկին Արևի — Նրա…

4

Օ, նայիր ու տե՜ս, նայի՜ր ու ժպտա,
Օ, նայի՜ր հեռուն.—
Վառվել է ահա մի ոսկի շղթա
Քրոջ աչքերում…

Սփրթնած, գունատ կապույտը արդեն
Չքացավ, չկա.
Ժպտուն, ոսկեփայլ վառվում են քո դեմ
Աչքերն աղջկա:

Շղթան ոսկեգույն, հրաշքի՛ շղթան
Բռնկվել է, տե՜ս:
Նայիր ու ժպտա՜, դու ժպտա՜ միայն`
Արևոտ — ու հեզ…

Եվ թող սո՛ւրբ թվա, որպես կույս հեռուն
Կապույտ մենության —
Արևածագին քրոջ աչքերում
Բռնկված շղթան…

5

Օղակ-օղակ ոսկեգույն ու հրաշեկ,
Օրորվում են ալիքները լճերի:
— Կապույտ նիրհում սպասումը չմաշե՜ք.
Թող արևը մի նո՜ր բախտի լուր բերի:

Ահա ճերմակ առագաստները` ոսկի
Արևի դեմ հարսների պես շիկացած`
Օրորվելով, նազանքներով, կողք-կողքի —
Ճամփա ընկան դեպի հեռուն ոսկեբաց…

Դեմը, հեռուն, կապուտաչյա ջրերում,
Ոսկենկար դեմքը արև-արքայի —
Հուր-ժպիտի ոսկի թերթեր է թափում,
Որ լաստերի ճանապարհը զարդարի…

Առագաստները, ոսկեգույն քող հագած,
Արևելյան հարսների պես նազանուտ, —
Օրորվելով ճամփա ընկան թևաբաց`
Դեպի ոսկի հեռաստաններն արևոտ…

6

Հրոտ, հրաշեկ ոսկին արևի`
Հրդեհված հոգու հովն է երևի…

Հուր հովը հոգու՝ հրդեհված հիմա —
Լեռնային վանքի խաչերի վրա:

Փարվիլ է վանքի ոսկեթև խաչին`
Ժպտավառ` որպես համբույրն առաջին:

Որպես կարմրությունն այն այրող, հրոտ
Հարսնական դեմքիդ` ամոթխած կարոտ…

Որպես թափանցիկ կարմրությունն հոսող
Այտերիդ վրա` ոսկեգույն մի շող…

7

Եu հավատում եմ հասկի շշուկին, խոսքին —
Երբ հագել ես արևի թափանցիկ ոսկին:

Հեռաստանները հացի — ոսկեգույն, ոսկեգույն:
Դու նայեցիր, ժպտացիր իմ գունատ հոգուն:

Աչքերիդ մեջ, հոգուս մեջ, քո՜ւյր իմ, կա՜ր, քո՜ւյր իմ, կար
Ոսկու շշուկ, ոսկու փայլ, ոսկու ճաճանչ ոսկեվառ:

Եվ հոսում էր ոսկեծուփ կապույտից դեպի վար`
Արտերի գիրկը բերրի` մի հեշտություն հրավառ:

Ու ժպտում էր բռնկված ոսկին` անշեջ ու անփույթ`
Կապույտ հոգուս, աչքերիդ, ու երկնքի՜ մեջ կապույտ:

Եվ հավատում էի ես հասկերի խոսքին,
Ու վառվում էր կապույտում արևի ոսկին…

8

Արևը — որպես մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ:

Զնգում են թևերն` արնագույն ու վառ.
Այրվում է նա — ինչո՞ւ, ո՞ւմ համար:

Վառվում են, վառվում կապույտում անծիր
Թևերը նրա ու պսակը հիր:

Ու ճախրում է նա — մի ոսկի թիթեռ:
Իսկ երկինքը կա — ու կապույտ է դեռ…

9

Ու թուլացած, ու սփրթնած կմարի
Արևի ոսկին —
Վերջին անգամ եզերքի մոտ կամարի
Բռնկված կրկին:

Ու կապույտը` արևի մոտ շիկացած,
Վարդագույն —
Քո՜ւյր, կփռի դեմքիդ վրա — ամոթխած
Կարմրություն:

Ու կապույտը, ձուլված ոսկուն, հեռուներում
Կամարի —
Քո՛ւյր, հոգուս մեջ, աչքերիդ մեջ, երկինքներում—
Կմարի…

10

Ու կտարածվի մի տրտում մշուշ
Մանուշակագույն.
Կապույտի, ոսկու տրտմունակ մի հուշ —
Խանձված հոգում…

Արևը ժպտաց, երբ կույս էր հեռուն,
Ու գունատ էր դեռ:
Արևը անցավ — կապույտ դաշտերում՝
Մի ոսկի թիթեռ:

Կապույտը վառվեց, խանձվեց ոսկում,
Արևը — անցավ.
Արևը — անհուն ու որբ կապույտում`
Բռնկված մի ցավ:

Իջնում է ահա մի տրտում մշուշ
Մանուշակագույն. —
Կապույտի՜, ոսկո՜ւ տրտմունա՜կ վերհուշ՝
Խանձված հոգում…

ՄԱՆՈՒՇԱԿԱԳՈՒՅՆ

1

Կապույտից հետո և ոսկուց հետո,
Քո՜ւյր, փռվեց ահա իմ տրտմած հոգում,
Որպես երազում ապրած երեկո —
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

Հիշում եմ հիմա, որ մի իրիկուն,
Ժպտալուց հետո, երբ ոսկի շղթան
Ընկավ ամոթխած գիրկը լռության —
Փռվեց քո դեմքին, իմ տրտմած հոգում
Մի խամրած մշուշ մանուշակագույն…

2

Աչքերիդ վճիտ ու թաց կապույտում —
Ժպիտը ոսկի.
Մայրամուտային մշուշը տրտում՝
Այտերիդ վրա.
Եվ, որպես շշուկ չքաղված հասկի,
Մեր հոգնած սրտում —
Սպասումը, որ ցրտաբեր քամին
Հիմա կսուրա…

Ստվերներն իջնում ու փարվում Էին
Դեմքիդ, իմ հոգուն.
Մթնում էր հեռուն խանձված հոգու,
Որպես իրիկուն.
Երազները, քո՜ւյր, երանգներ էին,—
Խամրեցին միգում, —
Խամրեցին, հանգան մայրամուտային
Իրիկնաժամում մանուշակագույն…

3

Ու տրտում էին քո աչքերը թաց,
Ու մթնում էին գույներն իմ հոգում,
Երբ վերջին անգամ տրտմորեն ժպտաց,
Դեմքդ մշուշում մանուշակագույն:

Եվ քո թաց, վճիտ, ցողոտ աչքերում
Լույսի ճաճանչներ ճախրելով անցան —
Ու բացվեց հանկարծ միգամած հեռուն՝
Քո ջինջ աչքերում — պայծա՛ռ ծիածան…

Քո՜ւյր իմ, այն մեռնող արև՛ն էր — ժպտաց,
Մի վերջին անգամ բռնկվեց միգում,
Որ ծիածանե քո աչքերը թաց
Ու տրտում հոգիս մանուշակագույն…

4

Իրիկուն էր: Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ:
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան`
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՛զ, այնքան ջի՛նջ,
Ճախրում էին, հոգեվարում ու մարում`
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

5

Աղոթքի պես, երգի պես
Հոգիս ճախրեց դաշտերում.
Միայն զգում էի ես
Քո հմայքն ու քո հեռուն…

Միայն զգում էի, որ
Երկինքներում կուսական
Բռնկումները բոլոր
Նվաղեցին ու հանգան:

Հաշտություն էր ու ներում
Քո ժպիտը սրբազան _
Քո արցունքոտ աչքերում
Անրջացա՛ծ ծիածան…

6

Քո՜ւյր, երազներն այրվեցին ու անցան,
Եվ ջի՛նջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջի՛ն սիրո մի լուսավոր ամոքում:

Ու հիշում եմ առավոտը գունաթափ,
Ու կապույտը այն սփրթնած ու անհուն.
Ու հիշում եմ, որ քեզ կանչեց մի կարապ,
Երբ արթնացար արևծագի դղյակում…

Ու հիշում եմ ես երկինքը վարդագույն,
Ոսկի վարդեր, որ բացվեցին ու չկան…
Ու հիշում եմ իրիկնային երկնքում
Հրաժեշտը ոսկեժպիտ կարմրության…

Ու հիշում եմ հուր արևը — մի թիթեռ, —
Ճախրեց, անցավ, աննյութացավ ու չկա.
Իսկ իմ հոգին այնքան հստակ, ջինջ է դեռ —
Մի լո՛ւյս ժպիտ լուսաժպիտ աղջկա…

Իսկ երազներն այրվեցին ու անցան:
Բայց ջինջ մնաց քո աչքերում, իմ հոգում —
Մի սրբացած, անրջացած ծիածան`
Վերջին սիրո մի լուսավոր ամոքում…

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

1

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից — հորիզոն
— Ինչ տրտո՛ւմ է, կապույտ աղջիկ, հրաժեշտի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում.
Օրհնե՜նք, օրհնե՜նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող հալվե՜ն, ձուլվե՜ն, մարվե՜ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում:

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից — հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

2

Դու մոտեցար որպես քույր — ու հեռանում ես ահա,
Աղոթք դարձած, խնկաբույր — դու հեռանում ես ահա:

Ինչո՞ւ եկար, և ինչո՞ւ անրջացար ու չկաս.
Հրաժեշտի մի համբույր — ու հեռանում եu ահա…

Գուցե սո՛ւտ է սերը այս — հրաժեշտի մի երազ, —
Քո՜ւյր, հո՛ւշ դարձած հեռավոր, դու հեռանում ես ահա…

3

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ
— Կապո՜ւյտ աղջիկ, քո՜ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու…

Ես Ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ, — դու հետ չե՞ս գալու…

4

Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:

Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն…

ԳԱԶԵԼՆԵՐ

1

Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր,
Սիրտդ լցվի թող հեքիաթով — դու խմի՜ր

Իրիկնային երկինքը բիլ թող անվերջ
Հոգիդ լցնի կապույտ կաթով — դու խմի՜ր:

Թող լո՜ւռ լինի. անրջավոր ու տրտում —
Կապույտ բաժակը հոգեթով դու խմիր:

2

Իմ խոսքերը կարկաչում են կապույտում,
Կարկաչում են ու կանչում են, կապույտում:

Կարոտներ կան, որ անմարմին ու տրտում —
Միայն շշուկ ու հնչյուն են — կապույտում:

Երազներ կան, որ կարոտներ են միայն,
Լո՛ւյս կարոտներ, որ կանչում են կապույտում…

3

Ո՞ւմ եմ երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ.
Իմ երգում ինձ կգտնե՞ս — չգիտեմ:

Թե՞ ես ի՜նձ եմ որոնում, բայց գտնում եմ քեզ.
Կորցրե՞լ ենք արդյոք մեզ — չգիտեմ:

Գուցե ե՜ս եմ` քո երգում, գուցե ի՜նձ ես դու երգում.
Ո՞ւմ ես երգում. ի՞նձ, թե՞ քեզ — չգիտեմ…

4

Կա հոգու մեջ ու աշխարհում — մի ոսկի օղակ:
Բռնկվում է նա ու մարում — մի ոսկի օղակ:

Ո՞վ չի գտել — ժպտալո՛վ, ժպտալո՛վ —
Անդուլ վազքի ճանապարհում — մի ոսկի օղակ…

Բայց ես ինչո՞ւ, քու՜յր իմ, ինչու տրտմեցի այնքան,
Երբ բռնկվեց քո աչքերում մի ոսկի օղակ…

5

Դու կապույտը սիրեցիր — չգտար,
Սիրտդ դարձավ ձյունաձիր, — չգտար:

Երկինքներին` հեռավո՛ր, հեռավո՛ր`
Դու մանկորեն ժպտացիր — չգտար:

Կո՛ւյր աչքերից` աղոթքո՛վ, աղոթքո՛վ`
Մի քիչ կապույտ մուրացիր — չգտար…

6

Քո՛ւյր, զանգերի տխրության մի ղողանջ է քո հոգին:
Դղյակի մեջ մենության — բախտի կանչ է քո հոգին:
Եվ մենակ է, քույր-աղջիկ, այնքան մենակ ու տրտում.
Իրիկնային կապույտում մի ճաճանչ է քո հոգին…

Ո՞ւմ ես կանչում և ինչո՞ւ. զանգերը ո՞ւմ են կանչում.
Բայց չե՛ս գտնի, քո՜ւյր-աղջիկ, թող չկանչե քո հոգին…

7

Բոլոր խոսքերն իմ երգում — ճաճանչներ են լոկ:
Կապույտ միգում — ոսկեգույն ճաճանչներ են լոկ:

Քո աչքերից, քո դեմքից, քո լուսե երկրից
Ճառագայթված իմ հոգում — ճաճանչներ են լոկ

Իմաստ չկա, միտք չկա խոսքերում այս հին,
Բայց ինչո՞ւ են ամոքում — ճաճանչներ են լոկ…

8

Քո՜ւյր, իմ հոգին լուռ ու տարտամ — մի ստվեր է լոկ,
Դղյակի մեջ քո մենության — մի ստվեր է լոկ:

Եթե նայես կճանաչես, կտեսնես հանկարծ,
Որ ձևերիդ այնքա՛ն նման — մի ստվեր է լոկ:

Գուցե ժպտաս, գուցե տրտմես, երբ զգաս, որ նա —
Եղերակա՛ն երկուության մի ստվեր է լոկ…

9

Կղողաջեն օրերը քո — կմարեն.
Կկարկաչեն — մի երեկո կմարեն:
Ու ղողանջող օրերի մեջ երգված
Երազները քո լուսաճեմ — կմարեն:
Հե՛տ կնայես ու կճչաս կարոտից.
Ջինջ արցունքներ կճաճանչեն — կմարեն…

10

Մենք չգիտենք, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի.
Թե լուռ լինենք, լուռ ու հեզ — կապույտը ո՞ւր կտանի:

Նա — տրտմունակ մի կարոտ, նրա անունը սակայն
Ո՜չ դու գիտես, քո՜ւյր, ոչ ես, — կապույտը ո՞ւր կտանի…

Կորցրել ենք աշխարհի ճամփաները հին.
Իմ ո՛րբ ընկեր, քո՜ւյր իմ, մեզ կապույտը ո՞ւր կտանի…

11

Քո՜ւյր, ղողանջի՛ պես ճախրել ու գնալ, —
Հմայված ու հեզ — ճախրել ու գնալ…

Երկնքից — երկինք, իրիկվա մովում,
Անմարմին, անտես — ճախրել ու գնա՛լ…

Դեպի Ամենտի եզերքը կապույտ —
Քո՜ւյր, ղողանջի պես ճախրել ու գնալ…

12

Ինչ տրտում են զանգերը, քո՜ւյր, մայրամուտի, —
Զանգերը թաց ու ցողաբո՛ւյր մայրամուտի…

Ահա կույսերը գնում են աղոթելու.
Սգահանդես, տրտում թափոր մայրամուտի…

Լուսամփոփի պես կախվել է երկինքը բիլ
Հոգուս վրա — օ, սո՛ւրբ անդորր մայրամուտի…

13

Մահը, գիտե՞ս, մի լուսավոր առասպել է, քո՜ւյր,
Կյանքը այնքան մեղկ ու անգույն ու անբեր է, քո՜ւյր:

Մահը անուշ, անրջալույս տրտմություն ունի.
Կյանքը սակայն շաչող, փախչող, անհամբեր է, քո՜ւյր:

Կյանքի կանչը անկումների ազդարար է լոկ.
Մահը սակայն Կապույտ Երկրի մի բանբեր է, քույր…

14

Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՜ր,
Հոգնաբեկ, տխուր, — աչքերդ փակի՜ր:

Թարթիչներդ թող չթարթեն միգում.
Միգամած ու խոր աչքերդ փակիր:

Կոպերիդ տակ թող երազս թաղեմ.
Իրիկուն է, քո՜ւյր, — աչքերդ փակի՛ր…

15

Դիր մատներդ կույս՝ աչքերիս վրա, —
Հոգեվար հոգուս — աչքերիս վրա…

Հոգնեցի կապույտ մշուշից, մովից.
Դի՛ր մատներդ լույս — աչքերիս վրա…

Մահու պես քնքուշ դի՛ր մատներդ սուրբ —
Խոնջացած, անհույս աչքերիս վրա…

16

Իրիկունը ու կապույտը կանչեցին, քույր, —
Ճամփա ընկանք ոտաբոբիկ, երկնայի՛ն քույր…

Ու գնում ենք դեպի Հավերժը ամոքիչ.
Մահն է թեթև՛, մահն է բարի՛, անմարմին քույր…

Ետ չնայե՜ս, ետ չնայե՜ս թաց աչքերով,
Դու իմ վերջի՛ն, իրիկնայի՛ն, աստղայի՛ն քույր…

17

Որքան ցավ կա, որքան ցա՛վ կա այս կարոտում իրիկնային,
Ինչ տենչում ենք մի՞թե կտա այս կարոտը իրիկնային…

Թաց աչքերդ հովն է շոյում շիրիմների փսփսուկով.
Թաց աչքերի՛դ գուցե գթա այս կարոտը իրիկնային…

Հսկումների պահը սուրբ է.ժպտա՜, ժպտ՜ա, մահացող քույր,
Որ չհանի՛ քեզ Գողգոթա այս կարոտը իրիկնային…

18

Թող ապրի հոգին — կապույտ վանդակում.
Կան գանձեր անգին — կապույտ վանդակում:

Դու — ծարավ աղջիկ, կապույտը — գինի.
Դու — արբած մի կին — կապույտ վանդակում:

Ի՞նչ պիտի անես, ի՞նչ պիտի անես,
Երբ թափվի գինին կապույտ վանդակում…

19

Մարում է հոգիս, քո՜ւյր, քո աչքերում ու մեռնում է նա:
Մթնում է ահա քո կապույտ հեռուն — ու մեռնում է նա:

Մեռա՜ծ, մարած աստղ՝ նա ինչո՞ւ ընկավ երկինքները քո.
Նա ինչո՞ւ վառվեց երկրի խավարում — ու մեռնում է նա:

Շողի պես վերջին, աստղոտ երկնքից ընկած շողի պես`
Աչքերիդ վճիտ ցո՜ղն է համբուրում — ու մեռնում է նա…

20

Իրիկնային քո՜ւյր իմ հեզ, մեռելի՛ պես դու անցի՜ր,
Թող զանգերը օրհներգեն ու օրհնե՜ն քեզ, — դու անցի՜ր:

Վարդե՛ր թափեմ արծաթե, արծաթե աստղեր`
Դիակառքիդ, հոգո՛ւդ մեջ, դագաղիդ մեջ, — դու անցիր…

Մահատեսիլ ու անդարձ, օրերիս պես մի՛ֆ դարձած,
Անվերադա՛րձ, համրընթա՛ց, սգահանդե՛ս դու անցիր…

21

Կապույտ կարոտը գուրգուրեմ ու լռեմ.
Աղոթք անեմ, խունկեր բուրեմ — ու լռեմ:

Այն կարոտը, որ աչքերդ տվեցին,
Քո՜ւյր, հոգուս մեջ ողջագուրեմ — ու լռեմ:

Այն կարոտով իրիկնային ու անուշ —
Բոբիկ ոտքերդ համբուրեմ ու լռեմ…

22

Շրթունքներիդ հոգեվարքն է, քույր իմ, հեզ —
Աղո՜թք արա, որ աստղերի մեջ թաղեմ:

Քույր, շրթունքներդ արևին չերկարե՛ս.
Շունչդ սուրա, որ աստղերի մեջ թաղեմ…

Շրթունքներիդ դիակառքով, քույր իմ, ես
Հոգի՛ս, տարա, որ աստղերի մեջ թաղեմ…

23

Սիրո երգի կորած տողն ես հոգուս համար,
Սո՛ւրբ է կարոտդ` մոխրագես հոգուս համար:

Դու մի՛ֆ դարձած ու սրբացած մեռելների
Սուգը տոնող տրտում քո՜ղն ես հոգուս համար:

Իրիկնային մեռելոցի այս սուրբ պահուն —
Հի՛ն Կարոտի վերջին դողն ես հոգուս համար…

24

Քեզ կհասնեմ, քո՜ւյր իմ, ես — Ամենտի Երկրում:
Երբ հուշ դարձած կքնես — Ամենտի Երկրում…

Կհամբուրեմ, ջի՛նջ այնպես, շրթունքներդ ես,—
Կհամբուրեմ, քո՜ւյր իմ քեզ — Ամենտի Երկրում…

Մեռած աստղի լույսի պես, որ ժպտում է մեզ —
Դու իմ հարսը կլինես-Ամենտի Երկրում…

25

Կմոտենանք մի իրիկուն Հավերժական Կապույտին
Կմոտենա երկրի հեռուն Հավերժական Կապույտին…

Վերջի՜ն սիրով կհամբուրեմ քո ոտները հոգնաբեկ.
Դու կմեռնես`նայվածքդ հեռուն`Հավերժական Կապույտին…

Եվ մարմինը քո խնկաբույր — հնամենի խունկեղեգ —
Կայրեմ որպես զոհաբերում — Հավերժական Կապույտին…
Կարս 1916

Մոսկվա 1917

ՈՂՋԱԿԻԶՎՈՂ ԿՐԱԿ

1919-1920

ԻՐԻԿՈւՆԸ

1

Նո՜ւյնն է կարոտս հիմա՝ անսփոփ ու որբ.
Նո՜ւյնն է աշխարհը վառվող ու արևը բորբ:

Նույնն է երկինքը կապույտ ու լճակը ջինջ —
Եվ չի՜ փոխվել իմ սրտում, իմ հոգում — ոչինչ:

Նույնն է սերը` կրակված իմ սրտում հիմա՝
Նո՜ւյն կարոտը անսփոփ ու անունը — Մահ:

2

Հուրը լափում է հիմա սուրբ մարմինը քո:
Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — երեկո:

Կոպերի տակ քո փակված, կրակուն,
Այրվում է քո հոգին կրակում:

Հուրը լիզում է տարփոտ շրթերով դեղին
Քո երկնագույն աչքերի, քո սրտի ուղին:

Հուրը լափում է հիմա սիրտդ աղջկա —
Շուրջդ մութ է, շուրջդ — մահ, — ու փրկում չկա…

3

Դեպի երկինք է տանում ճանապարհը հին:
Քո հմայքն եմ ես երգում այս երգում կրկին:

Քո հմայքը հեռավոր, քո հմայքը կույս, —
Նորի՜ց ժպտում ես ահա կարոտած հոգուս:

Քո ժպիտն եմ ես տեսնում արևի հոգում,
Քո ժպիտը վարդագույն — իրիկվա միգում:

Հու՜ր է դարձել ու կրակ քո ժպիտը հեզ —
Քե՜զ եմ նետում ես նորից սիրտս ողջակեզ:

Թող բորբոքվի՜, թող վառվի՜ կրակուն —
Քո արնաշաղ, քո կարմիր կրակում: —

4

Հրափթիթ վարդերի ոսկեշաղ, մաքուր,
Գարնանային երեկո է քո մարմինը, քո՜ւյր:

Գարնանային երեկո է, ուր արևը հիր
Մայր է մտնում` արնաշաղախ ու կարմի՛ր, կարմի՛ր:
Ու սուրում է, կարծես հեռու աշխարհից ուրիշ
Քո մարմինի բույրը, որպես այրված հաշիշ:

Հովը սուրաց, գիշերն ընկավ… Ու դառնում է, ախ, —
Քո մարմինը — հրափթիթ վարդերի դագաղ…

5

Օրերը, որ գնացին, չե՜ն դառնա հիմա:
Օրերը մեզ բերեցին մենություն ու մահ:

Տխրություններ, որ կյանքում այս` անուն չունին.
— Մո՛ւթ էր տագնապը հոգուս, ու կարոտը՝ հին:

Դաշտերի մեջ երկրային, հեռավոր ու մոտ,
Մեզ չէր ժպտում ո՜չ մի լույս ու կրակ աղոտ:

Չգիտեիր, սի՜րտ իմ, որ` խավարում հեռվի
Պետք է երկրի՜ կրակով քո հեռուն վառվի:

Բռնկվել է, սի՜րտ իմ, տե՜ս, քո հեռուն հիմա —
Շուրջդ խավար է սակայն, ու մշուշ, ու մահ…

6

Կապույտ աչքերդ ահա — աներազ ու պաղ,
Երկինքնե՛ր են — անարև, անուրախ:

Երկինքներ են, ուր արև ու կրակ չկա —
Կապույտ աչքեր մի մեռած, մարած աղջկա:

Ու խաչել են քո կրծքին ճերմակ ձեռքերդ շուշան.
Ծաղիկներ են — արևին չհասան…

Էլ աչքերդ երկնագույն չե՜ն ժպտում հիմա.
Դու պառկել ես դագաղում — քո՜ւյր իմ, Մահ…

7

Կապույտ կարոտը մեռավ: Խառնվեց հրին:
Արևի շողքը ահա զարկել է սարին:

Որպես հսկա ադամանդ, տե՜ս, գագաթը ձյուն
Բռնկվել է իրիկվա կապույտի միջում:

Բո՜ց է դարձել ոսկեգույն — չի՜ հալչում սակայն.
Գագաթներում հուշ դարձող երազներ չկան:

Հուշ չի՜ դառնա ձյունը` ջինջ գագաթի վրա՝
Սիրտս — սառույց, սիրտս — ձյուն, — կրակի քուրա…

8

Այս աշխարհում իրիկնային, ուր ապրեցիր միայն մի ժամ,
Հրա՜շք էր, սիրտ, հրափթիթ ծաղկումը քո հրաշուշան:

Բայց որբ հոգիս, կարոտիս պես աստեղահև ու խելագար՝
Մի՜ այլ կյանքի փայլ էր կարծես, փա՜յլ էր կարծես, կարծես չկար:

Փայլ էր հոգիս` շառագունված իրիկնային քո երազում
Ու կարոտով անմխիթար լույսի մասին երգ էր ասում:

Ու որբ հոգիս քո կարոտում հավերժորեն մխա՛ց, մխա՛ց,
Որպես կարմիր մի ողջակեզ` արյունոտված, հրե մի խաչ:

Դու ծաղկեցիր, սի՜րտ իմ, որպես հրափթիթ, կարմիր գարուն —
Նա հո՛ւշ դարձած ցնդե՛ց, կորավ իրիկնային այս աշխարհում…

9

Կապույտ կարոտը ոչինչ, մեզ ոչինչ չտվեց:
Մութ է խորհուրդը կյանքի, ու անհուն, ու մեծ:

Մութ է խորհուրդը կյանքի, բայց կյանքի մթում
Հազա՛ր հրդեհ կա հոգու ու հազար խնդում:

Ես հասկացա ու գիտեմ, որ աշխարհը մի
Ե՜րգ է հնչեղ, հրաշունչ — հրաշունչ, քամի:

Ջե՛րմ քսվում է մեր հոգու շրթերին պապակ.
Որքա՛ն դռներ կան հոգում` հեռավոր ու փակ…

Երկինքնե՛ր կան մեր հոգում` անապակ ու ջինջ —
Կապույտ կարոտը սակայն չտվե՛ց ոչինչ…

10

Կապույտ լճի վրա, բացերի մեջ պարապ,
Օրորվում է ահա մի սպիտակ կարապ:

Վարը, որպես երկինք, լիճն է ծփում օրոր, —
Վերը, որպես մի լիճ, կապույտ երկինքն է խոր:

Ծի՛ր ու սահման չկա, չկա երկինք, երկիր, —
Հոգիդ փռի՛ր արձակ, ո՜ղջ աշխարհը գրկիր…

Անրջորեն ապրի՜ր տիեզերքում հրափ —
Որպես անդարձ մի երգ, որպես ճերմակ կարապ…

11

Խինդ կա հիմա իմ հոգնած սրտում.
Խինդ կա հիմա — այս վառվող արտում:

Հեռու հրով կրակված, երազուն՝
Օրորվում է` հոգնաբեկ ու հասուն…

Քո՜ւյր է հովը` անմարմին ու անշուք,
Երգը նրա — կարոտի մի շշուկ…

Երգ է ասում հասկերին միգամած,
Երգ է ասում` քաղցրաձայն ու կամաց: —

Արտը հրա՛շք է կարծես երազում —
Ու ծփում է` հոգնաբեկ ու հասուն…

12

Իմ հեռավոր, իմ հեռու եզերքում
Կարծես գնում եմ հիմա ու երգում:

Հովը շոյում է թեթև իմ աչքերը թաց
Ու թռչում է` սրաթև, սրընթաց:

Սիրո խոսք է իմ սրտին փսփսում,
Ժամանակն է` երազուն ու հոսուն…

Ժամանակն է, որ անցավ — ու չկա.
Տրոփում է, որպես սիրտ աղջկա:

Քա՛ղցր կանչում է դեպի օրերի հեռուն. —
Որքան խի՛նդ կա այս հեռու դաշտերում…

13

Ցորենների արտի վրա հրաբորբոք,
Անցնում է մի իրիկնային կարմիր մորմոք:

Հով է կարծես, կարմիր մի հով, հրե մի սյուք,
Որ անցնում է, հրաբորբոք, հրաշշուկ:

Վերը, հեռուն, արյունամած հորիզոնում,
Մեկը կարծես — հրե մի մարդ — զո՜հ է անում:

Երկնից իջած հորիզոնի գծի վրա —
Վառել է մի ոսկեբոսոր, կարմիր քուրա:

Ու քուրայից կարմի՛ր, կարմի՛ր հոսում է վար`
Արտի վրա` մի խնդություն արևավառ:

Ջերմ ծփում է արտի վրա հրաբորբոք,
Որպես հեռո՛ւ մի խնդության կարմիր մորմոք…

14

Տունս դաշտում հեռու սպասում է հիմա:
Շուրջը մութ է ու մուժ — կարմիր մշուշ ու մահ:

Տունս թողած հեռուն, թողած խոնջենք ու սեր —
Ես գնում եմ դեպի մահացում ու գիշեր:

Բայց կարոտս հիմա — հրափթիթ մի վարդ —
Բռնկվել է միգում ու վառվում է զվարթ:

Ու վառվում է հոգիս տառապանքով անուշ,
Տունս թողած հեռուն, որպես ցնդած մի հուշ:

15

Դեռ մայր չի մտել երկնքում
Արևը` արյունոտ ու կարմիր.
Դեռ չի՜ մոխրացել իմ հոգում
Քո վերջալույսը կարմիր:

Վառվում է՝ արյուն ու կրակ,
Փռել է արնահոտ մի փոշի.
Վառվում է ու իջնում արագ —
Աշխարհը թողնելով ուրիշի:

Գնում է, բայց կրկին պիտի գա՝
Ա՛յլ կյանքի ժպիտով ու երգով,
Գնում է — ու կրկին պիտի գա —
Բայց մի այլ — մի ուրիշ կրակով:

16

Ես լռել եմ հիմա, խոնարհվել եմ հլու —
Սի՜րտս գիտե միայն` արշալույս է գալու:

Սիրտս գիտե հիմա` պիտի իջնի գիշեր,
Պիտի մեռնի, մարի ամեն կարոտ ու սեր:

Մութը պիտի իջնի ու աշխարհը այս հին
Պիտի ցնո՜րք դառնա, պիտի գգվի մահին:

Պիտի ցնդի, մարի, որպես հեռու մի հուշ —
Մինչև կարմիր վառվի արշալույսը անուշ:

Մինչև վառվի մուժում արևը հուր, հզոր —
Ու նո՛ր փայլով խնդա հորիզոնը բոսոր:

Սիրտս գիտե հիմա, որ արևը մեր այս —
Փայլ է ուրի՛շ կյանքի, ուրիշ կյանքի երազ:

Պիտի իջնի, մարի երկինքներում բոսոր —
Որ արթնանա նորից` հեռավոր ու հզոր:

17

…Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում,
Բորբ արևի վառվող, ողջակիզվող հոգում,
Որպես անդարձ երազ, որպես անցած մի հուշ —
Մոխրանում է ահա քո մարմինը անուշ:
Որպես կարմիր մի վերք, մի արնագույն քուրա,
Բռնկվել է ահա հորիզոնի վրա,
Այրվում է, որպես իրիկնային մի սեր,
Ու գնում է դեպի մայրամուտ ու գիշեր…

Սի՜րտս է կարծես մխում,
Սիրտս — մաքուր, զվարթ,
Սիրտս — երկնի մովում
Կարմիր բացված մի վարդ:
Այրվում է, բոսոր,
Վա՜ր է իջնում արագ —
Հրաբորբոք, հզոր
Սիրտս` կարմիր կրակ…

Սի՜րտս — արև, սիրտս — գարուն,
Հրի՛ բաժակ ու սիրո, —
Իրիկնային այս աշխարհում —
Քա՛ղցր զոհ…

* * * * * * * * * *

Ցերեկների թույնը բոսոր
Սի՜րտ իմ, տա՛ր, սի՜րտ իմ, տար, —
Թող տարածվի գիշերը խոր
Ու արդա՛ր:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, ու ծածկվիր —
Խավարո՛ւմ, խավարո՛ւմ.
Հո՜ւշ է կյանքը, ոսկի՛ մոխիր
Ու մարում:

Մա՜յր մտի՜ր, սի՜րտ, կարմի՜ր երազ,
Երկինքներում ցուրտ ու սին, —
Որ վաղը, սեգ, դու բարձրանաս
Արևի՛ հետ միասին…

* * * * * * * * * * *

18

Արևն իջավ: — Մոտ է ծիրին: —
Փա՛ռք հրաշեկ երկնավորին:

Նա չի՜ տանի դեպի կորուստ
Զո՜հ է նա մեզ` վառված վերուստ:

Արևը — մի ոսկի հրաշք,
Հրե մի սիրտ, հրե մի աչք:
Արևը, որ խե՛նթ է հիմա,
Արևը — կյանք, արևը — մահ:

Նա է տալիս թախիծ ու թույն,
Կարմիր ժանտախտ, հիվանդություն: —
Բայց զո՜հ է նա` վառված վերուստ —
Ու չի տանի դեպի կորուստ…

1918, II — III

ՎԵՐԱԴԱՐՁ

1

Երբ երկնքի մովում վերջին աստղը հանգավ՝
Նա իր տունը թողեց ու ճանապարհ ընկավ:
Դեմը` դաշտն էր հերկած` արգավանդ ու խոնավ,
Վերը, հեռո՛ւ-հեռուն, որպես հրե մի նավ,
Առագաստը փռած, հրամանված ու հիր
Բարձրանում էր հեռու արեգակը կարմիր:
Զով էր դաշտում, չկար դեռ տագնապ ու կրակ,
Ու քայլերով թեթև նա գնում էր արագ,
Հեռանում էր անդարձ, անսփոփ ու լռին
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին:
Տարօրինակ, մենակ, սրտում կարոտ ու հուր`
Նա գնում էր արագ ու երգում էր տխուր,
Ու նայում էր հեռու հորիզոնի ծիրին
Եվ լսում էր մի ձայն, որ կանչում էր լռին:
Հեռուներից կապույտ մեղմ կանչում էր նրան
Մի հեռավոր ընկեր, կարոտակեզ մի ձայն, —
Մեղմ կանչում էր նրան դեպի երկնի հեռուն
Ու սուլում էր նրան մոռացում ու գարուն:

2

Ու քսվում էր անուշ հովը նրա դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին
Գուրգուրում էր նրան, աներևույթ ու մութ,
Ու կանչում էր դեպի հեռուները կապույտ:
Նա գնում էր թեթև, որպես անփույթ — ուրու
Ու ձգվում էր ուղին դաշտում — հեռո՛ւ, հեռո՛ւ,
Ոլորվում էր անվերջ, որպես անդարձ մի երգ,
Որ դաշտերը թողած, թողած հովիտ ու հերկ,
Սեգ լեռների միջով, ոլորտներով վերին
Խառնվում է հեռու հորիզոնի ծիրին: —
Ու կանչում էր նրան կարոտակեզ մի ձայն,
Շշուկներով անուշ նա ասում էր նրան.
«…Ամեն տագնապ ու հոգս թողած երկրի հողին՝
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, կարոտներիդ ուղին.
Մի կարոտ է հոգիդ, հեռու աստղի մի փայլ —
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ, հավերժասե՛ր եղբայր…
Արեգակը, կարմիր, կբարձրանա հիմա
Ու կփռե հովտում կարմիր տագնապ ու մահ,
Խե՛նթ կխնդա վերից` տռփասեր ու զազիր —
Քայլի՛ր, քայլի՛ր անվերջ ու լեռները հասիր:
Հովիտներին թողած ամեն տագնապ m հուշ
Տա՛ր լեռների հովին կարոտներդ անուշ,
Որ դաշտերի կարմիր, աղետաբեր մուժում
Չխառնվի հոգիդ ուղիների փոշուն»…
Ու քայլում էր շտապ, սրտում ուրի՛շ մի հուր,
Հեռանում էր անդարձ ու երգում էր տխուր,
Ու քսվում էր քամին նրա տխուր դեմքին,
Համբուրում էր նրան, որպես սիրող մի կին…

Рубрика: Գրականություն

ՉԱՐԵՆՑ. — ՏԱՂԱՐԱՆ ( 1920-1921 )

Արփիկին

Հդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես,
Տալղա1 տըվիր, գեմիս2 տարար ծովի պես.
Կու մեռնիմ,— չիս տեսնի Սայաթ-Նովի պես…
Սայաթ–Նովա

* * *

Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ.—
Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝
Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.— բոլո՜րը քեզ…

* * *

Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,—
Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,
Երբ խստադեմ ի՛նձ ես նայում դու հանկարծ —
Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան…

* * *

Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,
Հրի նման վառման գինու օսկեջրած թասը ձեռին,
Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։

————————

1 տալղա — ալիք, հորձանք:
2 գեմի — նավակ:

[ էջ 50 ]

Ու էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի1, ատլաս2 ու խաս3,
Երազիս մեջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ, Կանգնեց-մնաց՝ դեմքից քաշած օսկեկարած խասը ձեռին:

Նայեց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,
Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մե հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.—
Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկե մազը ձեռին։

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սեր,
Երազն անցավ — դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ-Նովի սազը ձեռին:

* * *

Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ — ու սրտի խաղ պիտի ասեմ,
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր—
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր — Վարդստանի, Շիրազի պես,—
Ինչ էլ ըլի էշխդ4, գոզալ5,— երգս ուրախ պիտի ասեմ։

———————————

1 հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին. փխբ. գեղեցկուհի:
2 ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. հնց. մետաքս:
3 խաս — ընտիր տեսակի, լավորակ. գվռ. մետաքս:
4 էշխ — գվռ. եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
5 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

[ էջ 51 ]

Աշխարհը մե բաղ է, գոզալ,— նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հ.ավլաբարի թաղի մեջը—
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էս փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ,—
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։

* * *

Ես մե անգին գոզալ տեսա — Գյուրջստանի1 քաղաքումը,—
Վզին՝ վարդեր ու խալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Կանգնել էր լեն քուչի մեջը, հագին ատլաս ու խաս ուներ,
Գլխին ոսկի ու շալ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկե չիքիլի2 պես՝
Շրթերը խաս ու ա՛լ տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,—
Դեմս կեցած մե սա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝
Անմահական մե յա՛ր տեսա — Գյուրջստանի քաղաքումը։

* * *

Կուզեմ հիմի փչե զուռնեն — հարբած ըլիմ մինչև էգուց.
Ամեն մարդու ընկեր ըլիմ — ու բաց ըլիմ մինչև էգուց։

Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝
Էշխդ անքուն սիրտս ընկնի — ու լաց ըլիմ մինչև էգուց։

——————————

1 Գյուրջստան — Վրաստան
2 չիքիլա — շղարշ, երեսի քող:

[ էջ 52 ]

Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝
ընկերների սուփրին1 գինի ու հաց ըլիմ մինչև էգուց։

Երթամ — ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝
Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։

* * *

Ես մե հարբած դուքանդար2 եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,
Ամենայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՛ դրախտային—
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

Թողի ամենն, ինչ ունեի՝ կյանքս դարձավ հովի նման,
Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,
Հարբած՝ խալխի նոքար3 դարձա աշուղ Սայաթ-Նովի նման,
Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։

Ես մե հարբած դուքանդար եմ — դուքանիս մեջ բան չմնաց,
Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին — գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։

* * *

Էլի գարուն կգա, կբացվի վարդը,
Սիրեկանը էլի յարին կմնա։
Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,
Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։

Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,
Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը,
Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը.
Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։

——————————

1 սուփրա — ժղ. սփռոց, փխբ. հացի սեղան, հացկերույթ:
2 դուքանդար — պրսկ. խանութպան (դուքան — խանութ):
3 նոքար, նոքյար — գվռ. ծառա:

[ էջ 53 ]

Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը,
Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը,
Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը —
Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։

Ուրիշ սրտի համար կթալվի խունկը,
Կբացվի շուշանը, վարդերի տունկը.
Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը —
Գերեզմանիս մարմար քարին կմնա։

* * *

Ամեն տեսակ երգ երգեցի — ամենից լավ տաղն է էլի,
Սայաթ-Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։

Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ-ռանգ1 մրգեր ըլին շարած
Անմահական մրգերի տեղ — շահնշահի բաղն է էլի։

Բախչի միջի, ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝
Ծաղիկների ջուրը ուզած— առավոտվա շաղն է էլի։

Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝
Սրտիդ ուզած տեղը միակ — սիրեկանի թաղն է էլի։

Վա՜մ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին
Սմեն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։

* * *

Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով՛
Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին։

Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝
Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։

————————

1 ռանգ — գվռ. երանգ, գույն. ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

[ էջ 54 ]

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն1, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր2 ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

————————————

1 աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
2 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

[ էջ 55 ]* * *

(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)

Հազար ու մե վերք ես տեսել — էլի՛ կտեսնես,
Հազար խալխի ձեռք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերի
Չհավաքած բե՛րք ես տեսել — էլի՛ կտեսնես։

Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նման
Հազա՛ր տարվա հերք1 ես տեսել— էլի՛ կտեսնես։

Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան—
Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել— էլի՛ կտեսնես:

Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,
Հազա*ր ու մե ե՛րգ ես տեսել — էլի՛ կտեսնես։

* * *

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խդճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

—————————-

1 հերք — գրբ. հոգն. մազեր:

[ էջ 55 ]

Ուր է՛լ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր—
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հ.այաստան–յարն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենց  հայ բանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: ԽՄԿԿ անդամ 1918 թվականից:

Գրական անուն

Չարենցը Գուրգեն Մահարիին պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը (Վիվան) բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի արդյունքում, անչարը ծառատեսակ է, որ աճում է անապատում, և որի արմատները թույն են արտադրում։ 1921 թվականից «Չարենց» գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ «Չարենց» անվան ընտրությանը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն. «աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։

Ստեղծագործություններ

1912 թվականին Թիֆլիսի «Պատանի» ալմանախում Եղիշե Սողոմոնյան ստորագրությամբ տպագրվում է «Ծաղիկները հեզ թեքվում են քամու օրորի տակին» տողով սկսվող բանաստեղծությունը, իսկ 1914 թվականին արդեն «Եղիշե Չարենց» ստորագրությամբ լույս է տեսնում 17-ամյա պատանու «Երեք երգ տխրադալուկ աղջկան» գրքույկը՝ նվիրված Աստղիկ Ղոնդախչյանին. այն ընդգրկում էր մեկը մյուսին շարունակող երեք բանաստեղծություն։ Հաջորդ տարի՝ 1915 թվականին, լույս է տեսնում «Կապուտաչյա հայրենիք» պոեմը։ 1916 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում «Դանթեական առասպել» պոեմը։ Այդ օրերին էլ մեկնում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Շանյավսկու համալսարանում, և մնում է այնտեղ մինչև 1917 թվականի գարունը։ 1918-1920 թվականներին գրում է «Սոմա», «Ամբոխները խելագարված» պոեմները և «Ողջակիզվող կրակ» շարքը։ 1920-1921 թվականներին Չարենցը գրում է «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները։ 1922-1924 թվականներին Չարենցի նոր որոնումների շրջանն է. ստեղծվում են «Պոեզոզուռնա», «Կոմալմանախ» ժողովածուները, «Ռոմանս անսեր» պոեմը, «Ասպետական» ռապսոդիան, «Կապկազ» թամաշան։ 1915 թվականին նա զինվորագրվում է Քանաքեռում կազմավորվող հայկական կամավորական խմբերին և որպես սանիտար, նաև որպես կռվող զինվոր՝ հասնում է մինչև Վան։ 1930-ականներին Չարենցին Հայաստանի գրողները խորհուրդ են տալիս մեկնել Հայաստանից դեպի Ռուսաստան, քանի որ կանխազգում էին, որ հնարավոր է՝ բանաստեղծը ստալինյան ռեպրեսիաների զոհը դառնա։ Խաչիկ Դաշտենցին Չարենցն ասել է, որ չի կարող մեկնել Հայաստանից, քանի որ իրեն Հայաստանից դուրս չի պատկերացնում։

Рубрика: Գրականություն

Հեռավար-առցանց ուսուցում. կարդում ենք Չարենց

images (2)

Ժամկետը`մարտի 13-ից մարտի 23-ը:

Նպատակը` Կարդալ Չարենց, ճանաչել, ուսումնասիրել նրա գործունեությունը, բացահայտել, վերլուծել:

Բովանդակությունը
Անպայման կարդալ Ռեգինա Ղազարյան.  «Հուշեր Եղիշե Չարենցի մասին»  գրքույկը, որը պատմում է Չարենցի կյանքի մի կարևոր շրջանի մասին:
Կարդալ նաև Չարենցի ավագ դստեր`Արփենիկ Չարենցի հուշերից
Կարդալ Չարենցի ռուբայաթները, բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային, ընտրությամբ ձայնագրվել կամ տեսագրվել, պարտադիր է:
Ծիածան շարքը, կարդալ, վերլուծել շարքը:  Պատմիր ընտրածդ բանաստեղծության մասին և ձայնագրիր այն:
Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
«Տաղարան» շարքը:
Կարդալ շարքը:
Ինչու  է կոչվում տաղարան:
Քո ընտրությամբ բերանացի սովորիր որևէ բանաստեղծություն:
Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
Չարենցը արվեստում. գտնել չարենցյան թեմայով կտավներ, երգեր Չարենցի բառերով,
Նախատեսվում են
Թափառումներ Չարենցի քաղաքում:
Ճամփորդություններ Չարենցի կամ Արարատի կամար:
Ակնկալվող արդյունքը` աուդիոնյութեր, տեսանյութեր, վերլուծություններ, քննարկումներ, հարցազրույցներ և լուսաբանում ենթակայքում, կայքում:
Չարենցը մեր ընկերների ընթերցմամբ`  
Կարդում ենք Չարենց Տաղարան շարքը
Ռուբայաթներ 
Հարդագողի ճամփորդները
Ծիածան շարքից
Չարենցի կամարում

Հարակից նյութեր` անպայման կարդալ և ծանոթանալ այս նյութերին
Մինչև ե՞րբ անորոշության մեջ մնամ…
Ես մարդկայնություն եմ պահանջում, պարզ, հասարակ մարդկայնություն...
 Չարենցի սերերը
Արփենիկ Չարենցի հուշերից 
Չարենցի մեծ սերը
Չարենցը ժամանակակիցների հուշերում
Չարենցի մահը
Մարտիրոս Սարյանը Չարենցի մասին

Ֆիլմեր
«Մահվան տեսիլ» ֆիլմի դիտում և քննարկում:
Մի ճրագ մթում    ֆիլմի դիտում:
«Բացահայտում» Եղիշե Չարենց, դիտում և քննարկում:

Ստեղծագործական աշխատանք`  Իմ Չարենցը:

Рубрика: Գրականություն

Հեռավար ուսուցում, մարտի 2-6, Գրականություն

«Անուշ» պոեմից հետևյալ բարբառային բառերը դարձնել գրական հայերեն:
Օխտը-յոթ

աստղունք-աստղեր

‘խնդիրք-խնդիր

սեր-սեր

իգիթ-քաջ

էն-այն

հերվան,

բինի,

ուրթ — Արոտավայր

չոլեր-+դաշտ

էրեցիր-արեցիր

արին-արյուն

անգյուման,

դագեն

կարենում-կարենալ

մարդի-

մտիկ-մտածել

ավլուկ-ավելուկ

ընչի-ինչու

ուսած-շալակած

դոշ է տալիս-պաշտպանում

յարս-սիրելիս

յարաբ-արդյոք

ջիգյար-Սրտակից մարդ

ազիզ-թանկագին

մերս-մայրս

մին էլ-մեկ էլ

շհու-շվի

յալյա,

մուրազ-նպատակ

քուշուշք-քող

գյուլլա-գնդակ

գյուլում,

կոխ,-մարտ,

լեն-լայն

փարդա-վարագույր

մեյդան-մեջտեղ

նամարդ-ստոր

չեմ սիրի,

խանչալ-դաշույն

Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:
1.
Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:

4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:

6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ

11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:

14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:

21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

Գրականություն, 10-11-րդ դասարաններ, քոլեջի 1-2 կուրս

Կարդում ենք Թումանյան նախագիծ

Рубрика: Գրականություն

Եղիշե Չարենց ֊ Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կարոտը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․